ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայտնի ցանցի օգտատերերը փորձել են տապալել «Արմենիա» ռեստորանի վարկանիշը։ Ռեստորանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում` Տվերսկոյ բուլվարում։ Բացասական արձագանքներ են հայտնվել ամենատարբեր հարթակներում, որոնցից օգտվում են զբոսաշրջիկներն ու ճանապարհորդները։
Նման կազմակերպված հարձակման պատճառն այն է, որ ռեստորանի սեփականատերը դատի է տվել Մոսկվայում հուլիսի 27–ին տեղի ունեցած չարտոնված հանրահավաքի կազմակերպիչներին։ Ցույցի պատճառով նա ստիպված է եղել մեկ օրով փակել իր հաստատությունը։ «Արմենիա» ռեստորանի սեփականատեր Հրանտ Ծատուրյանը համարում է, որ 551 հազար ռուբլու կորուստ է ունեցել ու որոշել է դա հետ ստանալ դատարանի միջոցով։
Ի պատասխան համացանցի մի շարք օգտատերեր սկսել են քննադատել նրան` վարկաբեկելով ռեստորանի սպասարկումը, գները և ուտեստների ցածր որակը։
Ռեստորանի վարկանիշը գցելու համար կոչեր է արել նաև «Դոժձ» հեռուստաալիքի լրագրող Աննա Մոնտագը (իսկական ազգանունն է` Լոշակ)։
«Երեկ հայտնի դարձավ, որ Տվեորսկոյ բուլվար, 28 հասցեում գտնով «Արմենիա» խանութ–ռեստորանն ի դեմս դրա սեփականատեր Հրան Ծատուրյանի, հուլիսի 27–ի հանրահավաքի կազմակերպիչներին 550 հազարի բողոք է ներկայացրել։ Իբր նրանց պատճառով կորուստներ է ունեցել... Ի պատասխան դրան մոսկվացիները մեկ օրում փորձել են տապալել «Արմենիայի» վարկանիշը TripAdvisor-ում ու բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է մեկնաբանություն թողնել` «ահավոր խոհանոց է, սարսափելի սպասարկում, ապուրի մեջ մազեր են»... Գնամ ես էլ TripAdvisor մտնեմ։ Փորձեմ հիշել` արդյո՞ք «Արմենիա» ռեստորանում տոլմայի մեջ խավարասեր չեմ գտել», – գրել է Մոնգայտը Facebook–ի իր էջում։
ՌԻԱ Նովոստիի ու RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram–ի իր էջում գրել է. «Արմենիա» խանութ այցելում են հայկական ուտելիքին կարոտող հայերը։ Այդ ես չեմ, քանի որ ես երկու անգամ մի երկու օրով եմ եղել Հայաստանում ու չեմ կարող կարոտել տեղական ուտելիքը։ Իսկ «Արմենիա» այցելում են այնպիսի հայեր, որոնց սեղանից չի պակասում մածունը, բլղուրն ու նմանատիպ բաները, դրանք նաև իմ սկեսուրն է սիրում»։
Հաստատությանը պաշտպանել է նաև հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը. «Այս ամենը շատ ծիծաղելի է, քանի որ նորմալ մարդկանց մոտ սա «Ծառայողական սիրավեպի» Վերոչկայի արձագանքն է հիշեցնում. «Ուրեմն` լավ կոշիկներ են, պետք է գնել», – նշել է նա Telegram–ի իր էջում։
Հայտնի գրող ու լրագրող Մարինա Յուդևիչը գրել է. «Երբ մոտակայքում լինեմ, պետք է կմտնեմ այդ «Արմենիան»։ Չգիտեմ` ինչ կընտրեմ, բայց հաստատ մի բան կուզեմ գնել»։
Հայ-վրացական բարեկամության «ավանդական բաղադրիչը». ի՞նչ են համտեսել Ավինյանն ու Ցկիտիշվիլին
Հուլիսի 27–ին Մոսկվայի կենտրոնում ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր անցկացնում, որն ուղեկցվում էին զանգվածային անկարգություններով։ Այդ հանրահավաքի արդյունքում մի քանի քրեական գործ է հարուցվել։
Տվերսկոյ բուլվարի «Արմենիա» խանութ–ռեստորանը մոսկովյան եզակի խանութներից է։ Խորհրդային տարիներին այն հայկական ապրանքների մասնագիտացված խանութ էր։