ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզի Հառիճ գյուղում շան հարձակումից տուժած տղայի` Գևորգ Մինասյանի, վիճակն արդեն լավ է, բայց առաջիկայում նոր վիրահատական միջամտություններ են սպասվում: Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2 օր առաջ: Տատի տուն գնալու ճանապարհին հարևանի շունը, կտրելով կապը, հարձակվել էր 17-ամյա Գևորգ Մինասյանի վրա: Ըստ հառիճեցիների` սա առաջին դեպքը չէ, որ շունը կապը պոկելով փախչում է և հարձակվում մարդկանց վրա, մտնում բակեր:
Տղային հայրը տեղափոխել է Գյումրի՝ դեմքին, գլխին, ծոծրակին առկա բազմաթիվ վնասվածքներով: Մինչ վիրահատական միջամտություններ կատարելը, տղային ներարկել են փայտացման և կատաղության դեմ: «Այս պահին տղայի վիճակը նորմալ է, թեև դեռ բուժման կարիք կա ու ամեն օր վերքերը մշակվում են: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական միջամտություններ»,-նշեց վիրաբուժը:
Հառիճ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը էլ մեզ հետ զրույցի ժամանակ վստահեցրեց՝ այս պահին շունը կապած է, իրենք էլ տեղյակ են պահել տերերին, ովքեր հիմա Արմավիրում են, որ վերադառնան և լուծեն շան հարցը՝ կա՛մ իրենց հետ տանեն, կա՛մ տան ուրիշին ի պահ: