Մասիս Մայիլյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը

Մասիս Մայիլյանը Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է մեր ռազմագերու՝ հայրենիք վերադարձի հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարության կայքը։

Մասիս Մայիլյանն Անջեյ Կասպշիկին ընդունել է այսօր՝ օգոստոսի 20-ին:

Արցախի իշխանությունները սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու ջանքեր են գործադրում

«Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա՝ հայրենիք վերադարձի հնարավորությունները։ Մայիլյանն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու՝ հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը»,–հայտնում է կայքը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: