ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով`«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի վերջը չի երևում։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ընկերությունում հրդեհը բռնկվել էր դեռ երեկ կեսօրին։
«5 հարկանի շենք է, բավական շատ սարքավորումներ կան ներսում։ Հիմնականում 4-5–րդ հարկերն են վառվել։ Փորձում ենք տանիքից անցքեր բացեր, որ ջուր լցնենք ներսում, եթե հնարավոր լինի, նաև այդ անցքերից հրշեջներ ներս կմտնեն։ Հրշեջները հերոսական աշխատանք կատարեցին երեկվա ու այսօրվա ընթացքում, չնայած դեռ հրդեհի վերջը չի երևում»,–ասաց նախարարը։
Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին` Ցոլակյանը նշեց, որ հետաքննությունն ավարտված չէ, սակայն իր կարծիքով` մարդկային գործոնն է հրդեհի առաջացման պատճառը։ Նախարարի խոսքով` այն անզգուշության հետևանքով է բռնկվել։
Ինչ վերաբերում է հրդեհի պատճառած վնասին, ապա այն դեռ չի պարզվել, քանի որ կան ապրանքատեսակներ, որ ծխահարվել են, կան, որ ոչինչ էլ չի եղել։
Նախարարը հայտնեց նաև, որ այս պահին փորձում են մարել 5–րդ հարկի կրակը, ինչն ամենադժվարն է, քանի որ ներսի ջերմաստիճանը շատ բարձր է։
Հիշեցնենք, որ Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ: