Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել

Հարթաշեն և Քարահունջ գյուղերում, բացի սատկած խոզերից, կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ստեփանավանում ձկների անկման փաստը հաստատվել է. սատկած ձկները տարվել են փորձաքննության

«Դեպքի վայր է մեկնել ԱԼԻՆ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից: Ընդհանուր առմամբ գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են:

Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի հաղորդմամբ` 2 գյուղերում անկած կենդանիներից վերցվել են փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով: