«Հոդվածը պատվիրված է». Բաբայանի գրասենյակը պատասխանել է «սոցցանցերում թափառող լուրերին»

Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանն մինչև 2000թ.–ն արված մի շարք հանցանքների համար հենց Սամվել Բաբայանի հրահանգով պատասխանատվության է ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի— Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակն այսօր` օգոստոսի 19-ին, հաղորդագրություն է տարածել, որով պատասխանել է նախօրեին լրատվական դաշտում տարածված հոդվածին։

Հոդվածում հայտնվում էր, որ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ ցուցմունք է տվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյանը, մականունը` «աֆերիստ»։ Նշվում էր նաև, որ Մնացականյանը Սամվել Բաբայանի համախոհներից է։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Բաբայանի գրասենյակը հիշյալ հոդվածը «պատվիրված» է որակում։

«Առաջին հայացքից ընթերցողին կթվա, թե սա մի անմեղ անդրադարձ է, սակայն, երբ գիտես հոդվածի պատվիրատուի հետին մտքերն ու փնթի մտադրությունները, պարզ է դառնում, որ որոշ շրջանակներ փորձում են ինչ- որ խնդիրներ լուծել»,– գրված է Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ Կամո Մնացականյանը մինչև 2000 թ.-ը մի շարք հանցանքների համար հենց Սամվել Բաբայանի հրահանգով պատասխանատվության է ենթարկվել։ Բացի այդ, Սամվել Բաբայանը «Երևան» ՔԿՀ-ից դուրս է եկել 2018թ. հուլիսի 15–ին, իսկ Կամո Մնացականյանը ցուցմունքը տվել է հուլիսի 7-ին։

Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հաղորդագրության հեղինակները նաև հայտարարում են, որ հետախուզման մեջ գտնվող Կամո Մնացականյանը ազատ քայլում է Արցախում։

Իսկ ինչ վերաբերում է նրա` Սամվել Բաբայանի համախոհը լինելուն, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գրասենյակը փաստում է, որ Բաբայանն այսօր տասնյակ հազարներով համախոհներ ունի, և չի կարող բոլորի համար պատասխանատվություն ստանձնել։

Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին

Այսպիսով, Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարում է, որ նման լուրեր տարածելը նպատակ ունի Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին կամ դրանից բխող ցուցմունք տվողների հետ։

«Բարոյականությունն ու ամոթը վերջնական կորցրած, փրփուրներից կախված` կանխազգում են մոտալուտ վախճանը։ Սակայն ձեր ստորաքարշությունը չփորձեք փաթաթել դիմացինի վրա, վաղ թե ուշ օրենքի դաշտում դրանք կգտնեն իրենց պատասխանները։ Չփորձեք «գործ տվողի» ու «գլխին սարքողի» ձեր կարճ խելքը հանկարծ ու հանկարծ համեմատականի մեջ դնել դիմացինի բարի ու վսեմ ազգանվեր համբավի հետ։ Գնդակը պահեք ձեր դաշտում, նետելը անտեղին է ու առնվազն հիմարություն»,– ասված է հայտարարության մեջ։

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան

Հիշեցնենք, օգոստոսի 17-ին pastinfo.am կայքը նոր տեղեկություններ էր հրապարակել օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալության հրապարակած հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ։ Մասնավորապես` Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի դեմ, ըստ կայքի, ցուցմունք է տվել հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն «աֆերիստ» Կամո` Կամո Մնացականյան, ով, ըստ հոդվածի, Սամվել Բաբայանի համախոհն է։