ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի— Sputnik. Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն է կատարել: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1994թ.–ի հոկտեմբերի 24-ից մինչև 2017–ի մայիսի 15-ը, զբաղեցնելով թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնը, 2015-17թթ. դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում հաշվառել է դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ իրեն վստահված դպրոցի պահեստից պաշտոնեական կեղծիք կատարելով` ելքագրել և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:
Բացի այդ, նույն ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների աշխատավարձի բանկային պլաստիկ քարտերից 2008-ի նոյեմբերից մինչև 2017–ի օգոստոսն ընկած հատվածում կանխիկացրել է փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և հավելավճարների գումարները։ Տնօրենը փոխանցված գումարների իրական չափի մասին չի հայտնել աշխատակիցներին, կանխիկացված գումարներից նրանց առձեռն հատկացրել է մի մասը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով 9.956.831 ՀՀ դրամ գումարը հափշտակել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքը, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով, այն է` խարդախությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենի դեմ միայն չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռ 2017թ.-ի նոյեմբերի 16-ին` յուրացնելու կամ վատնելու համար։