Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը

Արայիկ Ղազարյանի մասին խոսելիս` ընդգծվել է հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»,–գրված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը։ Նա նաև հաստատել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:

ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը չխոշտանգվի. Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։