ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տեղափոխվել է ոստիկանություն։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Բերման ենթարկվածներ չեն բերվածներ են` վարչական իրավախախտում կատարելու հիմքով»,– ասաց նա` հավելելով, որ ոստիկանություն բերված քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից էլ հայտնում են, որ ինքնազգացողությունը վատացած քաղաքացին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այստեղ են մեկնել նաև պաշտպանի ներկայացուցիչները` պարզելու քաղաքացու առողջական վիճակը։
Արագ արձագանքման մի խումբ էլ այցելել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող անձանց։
Ամուլսարի նոր փորձաքննություն անելու հիմքեր չկան. վարչապետի խոսնակը` փակ հանդիպման մասին
Հիշեցնենք`ցուցարարների ու ոստիկանների միջև միջադեպեր էին գրանցվել այն բանից հետո, երբ Բաղրամյան 26—ում հանդիպման արդյունքներից դժգոհ քաղաքացիները որոշել էին հանրային քննարկում անցկացնել ԱԺ բակում։ Բայց հասնելով խորհրդարանի դարպասներին` հայտնաբերել էին, որ ոստիկանները փակել են մուտքը։
Ոստիկանների այս գործողությունից դժգոհ ցուցարարները որոշել էին փակել Բաղրամյան պողոտան։ Ոմանք պառկել էին երթևեկելի գոտում` հրաժարվելով ենթարկվել ոստիկանների` ճանապարհը բացելու պահանջին։
Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում
Ոստիկանությունը, լրացուցիչ ուժեր կենտրոնացնելով միջադեպի վայրում, բերման էր ենթարկել ակտիվիստներից մի քանիսին և քաղաքացիներին դուրս բերել Բաղրամյան պողոտայի բանուկ հատվածից։