Մամուլում նշված բոլոր դրդապատճառներն իրական չեն. Արսեն Գասպարյանը խոսել է իր ազատման մասին

Գասպարյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին` իբր ինքն ազատվել է ներդրողների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ինքը` Գասպարյանը։

Ինչու աշխատանքից ազատվեց Արսեն Գասպարյանը, կամ ինչից են նեղսրտել ներդրողները. «Հրապարակ»

«Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով»,-ասել է նա:

Գասպարյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին` իբր ինքն ազատվել է ներդրողների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։
«Մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը»,- նշել է նա։

Ինչու աշխատանքից ազատվեց Արսեն Գասպարյանը, կամ ինչից են նեղսրտել ներդրողները. «Հրապարակ»

Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել է հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել է վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ներգրավված է եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուր։

Նա  համոզմունք է հայտնել, որ իր գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այն բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ինքը սկսել է, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում:

Հիշեցնենք` օգոստոսի 15-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էին նրա խորհրդականները՝ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, և օգնականը` Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։