Երեք նոր աղբահավաք ավտոմեքենա հայ–վրացական սահմանին է

Երևանի աղբահավաք տեխնիկան շուտով կհամալրվի 3 նոր ավտոմեքենայով։ Քաղաքապետարանում անհամբեր սպասում են, թե երբ մեքենաները Երևան կհասնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երևանյան աղբատար ավտոմեքենաների թիվն առաջիկայում կավելանա ևս երեքով։

Կիրակնօրյա մաքուր լուր քաղաքապետարանից. աղբատար մեքենաների պարկը թարմացվում է

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Նա հայ–վրացական սահմանի անցակետում կանգնած երեք բեռնատարների լուսանկար է հրապարակել և գրել. «Հայ-վրացական սահմանին ևս երեք մեքենա անհամբեր սպասում է  իր հերթին»։

Իր գրառման մեկնաբանություններում Կուբատյանը նաև շեշտել է, որ վերոհիշյալ 3 ավտոմեքենաների ժամանումից հետո Երևանի քաղաքապետարանի նոր աղբահավաքների թիվը կհասնի 19-ի։

Հիշեցնենք, «Սանիթեք» ընկերության աշխատանքում ծագած խնդիրներից հետո Երևանի քաղաքապետարանը որոշեց ընդհանուր առմամբ 20 նոր ավտոմեքենա գնել։

Վարչապետն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետին. թեման աղբն է

Խոսքը ռուսական արտադրության «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: 16 նոր ավտոմեքենա արդեն ներգրավված է Երևանի աղբի մաքրման աշխատանքներում։

Բացի այդ, օգոստոսի 9-ի ավագանու նիստում որոշում կայացվեց այլ ծախսերի կրճատման ու խնայողությունների հաշվին ևս լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել մայրաքաղաքի աղբահանությանն ու սանիտարական մաքրմանը։

Աղբակույտեր և գարշահոտ. մինչև երբ են խավարասերներն ու առնետները «վխտալու» Երևանում

Այդ գումարից 155 մլն դրամով նախատեսվում է փոխարինել հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները, մնացածով ձեռք բերել 5 փոշեկուլ ավտոմեքենա` մայրաքաղաքի մայթերն ու գազոնները մաքրելու համար, 11 ձյուն մաքրող մեծ և 10 փոքր մեքենա, որոնք կկարողանան աշխատել նաև փոքր բակերում, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որոնք աղբամանները քլորաջրով կլվանան ու կախտահանեն և 1000 մետաղական նոր աղբարկղ: