ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ հայազմի երաժիշտ, ամերիկյան System of a Down խմբի հիմնադիր և հասարակական գործիչ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարին։ Նա Facebook-յան իր էջում Save Amulsar գրությամբ լուսանկար է հրապարակել` վերահսաստատելով հանքի շահագործման նածագծի վերաբերյալ նախկինում հայտնած իր դիրքորոշումը։
Հիշեցնենք, 2018թ.–ի ապրիլին Թանկյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Կանադան ու Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա` Lydian International հանքարդյունաբերական ընկերության շահերից ելնելով։
Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։
«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։
Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։
Արդեն մի քանի օր Ջերմուկում բողոքի ակցիաներ իրականացնող ակտիվիստները հայտարարել են, որ վաղը` օգոստոսի 19-ին գալու են Երևան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։