ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ ցուցմունք է տվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, մականունը` «աֆերիստ»։ Այս տեղեկությունները հրապարակել է pastinfo.am կայքը` հավելելով, որ Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից։
«Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երևան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերևս իրեն, ՀՔԾ-ին և նրա` Երևան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ. հուլիսի 7-ին և տևել է 2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որևէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել»,– գրում է կայքը։
Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին
Հետաքրքրական է, որ հոդվածում նույնիսկ ամբողջական հատված է մեջբերված Մնացականյանի հարցաքննությունից, որտեղ ասվում է. «2018 թ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերից հայտնում եմ հետևյալը. ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երևանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղից ովքեր են գնացել Երևան ու մասնակցել այդ դեպքերին: Մարտի 1-ի դեպքերից հետո եղան մարդիկ, ովքեր անմիջապես հարստացան ու մինչև օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են այդ դեպքերին: Այդ մարդկանց շարքում է եղել իմ ընկերոջ, ներկայումս հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»:
Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»
Ըստ վկայի` նա այդ ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008–ի մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:
Մնացականյանն իր ցուցմունքում նաև հայտնել է, որ Ղարաբաղից Երևան 1500 զինվոր է տեղափոխվել` Օգանովսկու ղեկավարությամբ, որոնց Ղարաբաղում նախապես հայաստանյան զինուժի համազգեստ է բաժանվել։
Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում. Ավինյանը՝ BBC-ի հրապարակման մասին
Հիշեցնենք` օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) հարցաքննության արձանագրությունը։
Հարված մեր միասնությանը. ինչով է վտանգավոր ВВС–ի կողմից փաստաթղթերի հրապարակումը
BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։