Հավատացյալներին եկեղեցիներում օրհնված խաղողի ողկույզներ բաժանեցին` ի նշան բերքի առատության

Հայաստանի առաքելական եկեղեցիներում կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչը` Մայր Աթոռի Եկեղեցական  հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել , է որ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն առանցքային նշանակություն ունի հայ քրիստոնեական հավատքի համար։ «Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»,– ասել է պատարագիչը։

Վազգեն եպիսկոպոսը հատկանշական է համարել նաև, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։

Սուրբ Գեղարդը կմաքրի հավատացյալների մեղքերը

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին՝ հիշեցնելով, որ Հիսուսն Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն` Սուրբ Հաղորդության խորհրդի համար։

«Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն` առատ բերքատվության համար։ Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով  դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման տոնին ՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին ՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:

Սրբազան Հայրն իր խոսքն ավարտել է հավատացյալներին հորդորելով աղոթքով ու բարեսիրությամբ խնդրել Աստծուց խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց աշխարհը՝ հայ ժողովրդին պարգևելով միմյանց նկատմամբ անսահման սեր ու քաղցրություն ։

Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի մասնակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին: