ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի- Sputnik. Հանրապետության ՀՆԱ-ում մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս, տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է, որի հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է. այս մասին հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Կոտայքի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում:
Մարզպետի խոսքով`Կոտայքի մարզը հանրապետության համեմատաբար զարգացած և բազմաճյուղ տնտեսությամբ մարզերից մեկն է:
Մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ: 6 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սևաբերդի ջրամբարի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ տարվում են բանակցություններ՝ նաև մասնավոր ներդրողների ներգրավելու համար: Այս պահին կառավարության օրակարգում է նաև Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը:
Վերլուծությունների արդյունքում առանձնացվել են 4 հիմնական ուղղություններ, որոնք նախանշված են որպես մարզի տնտեսական զարգացման համար հայեցակարգային ուղղություններ՝ ադամանդագործություն, վերականգնվող էներգետիկա, ինտենսիվ այգեգործություն, տեխնոլոգիական գյուղատնտեսություն:
Անդրադառնալով մարզում զարգացած ադամանդագործությանը՝ Մելիքյանը նշեց, որ այս պահին գործում են 13 ադամանդագործական ձեռնարկություն, 2019-ին կհիմնադրվի ևս մեկը: «Այս պահին ադամանդագործության ոլորտում աշխատում է մոտ 700 մարդ: Մարզն ունի հարուստ փորձ, որակյալ մասնագետներ, միջազգային շուկայում հեղինակություն՝ այս ոլորտի առաջիկա զարգացման համար»,–ասաց մարզպետը:
Ինչ վերաբում է էներգետիկային, ապա հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է հենց Կոտայքում: 2018 թ.-ին Հրազդանում նաև կառուցվել է 430 կվտ հզորությամբ արևային կայան, այս տարի ևս երկու արևային ֆոտովոլտային կայանների կառուցում է նախատեսվում:
Տնտեսության հայեցակարգային ուղղությունների ցանկին մարզպետն ավելացրեց նաև տուրիզմն ու հյուրընկալությունը՝ նշելով, որ մարզն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոններից մեկը լինելու, մասնավորաբար, ագրոտուրիզմի, գյուղական տուրիզմի, էկոտուրիզմը, ձմեռային, առողջարանային տուրիզմի ոլորտում և այլն:
Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլք: Համաժողովի ընթացքում կներկայացվեն հաջողված 10 բիզնես նախագծեր և 25 ներդրումային ծրագրեր տնտեսության տարբեր ոլորտներից:
Տարիներ անց Գեղարքունիքը ծածկված է լինելու արևային վահանակներով ու հողմակայաններով
Նշենք, որ սա թվով 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում: