«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

1000 տարվա պատմություն և «ծննդյան վկայական» ունեցող Թեղենիք գյուղում խնդիրները շատ են։ Բայց գյուղացիները գյուղի զարգացման իրենց ծրագիրն ու հեռանկարն ունեն։ Մնում է`դա իրականություն դառնա։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում վստահ են, որ բոլոր հնարավորություններն ունեն զբոսաշրջային կենտրոն դառնալու։ Բայց դրա համար գյուղում անհրաժեշտ է ճոպանուղի կառուցել, քանի որ պատմական` «Աշոտ Երկաթի բերդ»  տանող ճանապարհը գրեթե անանցանելի է։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

Թեղենիք համայնքը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որն իր պատմական անցյալը վկայող փաստաթուղթ ունի։

1910թ.–ին գծված գյուղի քարտեզն ապացուցում է Թեղենիքի հիմնադրման այն պատմությունը, որն արդեն ավելի քան մեկ դար թեղենիքցիները հպարտորեն փոխանցվում են սերնդե սերունդ։

Կալավանի ադրբեջանական գերեզմանատունը. ում շիրիմին էր այցելել առեղծվածային կինը

Համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանը Sputnik Արմենիային պատմեց, որ քարտեզը գյուղից տարիներ առաջ էր դուրս բերվել, ու դրա գոյության մասին իրենք նույնիսկ չգիտեին։

«Մի օր ինձ զանգահարեցին ու ասացին, որ այսպիսի մի քարտեզ կա` 100 տարվա։ Ես խնդրեցի, որ այն մեզ տան։ Ասեցի` գառ կմորթեմ, միայն թե քարտեզը բերեք»,– պատմեց գյուղապետը։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

Կոտայքի մարզի Թեղենիք համայնքը հիմնադրել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի Մշո Դուգնուկ գյուղից գաղթած ու Ծաղկունյաց լեռների անտառներում ապրուստ ու փրկություն գտած  3 եղբայրներ` Գասպարը, Պողոսն ու Պետրոսը։

Թեղենիքը հիմնադրած եղբայրների սերունդներն այսօր էլ շնորհակալ են իրենց նախապապերին և ի նշան երախտագիտության գյուղի նորակառույց եկեղեցու բակում նրանց հիշատակը հավերժացրել են խաչքարով։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

100–ամյա գյուղը նախապես Թղիթ է կոչվել, ապա վերանվանվել Թեղենիք, քանի որ շրջապատված է թեղիների անտառով։

Մեկդարյա վաղեմության տներ գյուղում այսօր չեն մնացել։ Նախնիների կառուցած տների տեղում վեր են խոյացել նորերը։  Բայց որոշ վկայություններ պահպանողներ, այնուամենայնիվ, եղել են։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

«Ես իմ տունը սարքել եմ գաղթական պապիս ու տատիս ձեռքով կառուցած տան տեղում, բայց նրանց մի պատը պահել եմ` որպես հիշատակ։ Այնտեղ նույնիսկ ծեփի վրա տատիս մատների հետքերը կան։ Տատիս սարքած թոնիրը կա։ Կոնսերվացրել եմ, որ մի օր բացեմ»,– պատմեց գյուղաբնակներից մեկը։

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

Բայց անգամ նորակառույց տներում ապրող թեղենիքցիներն այսօր էլ իրենց մշեցիներ են համարում ու հպարտանում դրանով։ 

Իսկ նախնյաց հիշատակի հարգանքի մասին վկայում է գյուղում ձևավորված ավանդույթը. եթե որևէ թեղենիքցու բախտ է վիճակվում  լինել պատմական հայրենիքում, նա իր հետ նախնյաց երկրից մի բուռ հող է բերում ու լցնում գաղթական պապերի գերեզմանին` սփոփելու համար հայրենիքի կարոտով ապրած ու մահացած պապերի հոգու ցավը։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի հարակից տարածքում, սակայն, հայերը բնակվել են դեռ 1000 տարի առաջ։ Խորհրդային տարիներին կատարված հնագիտական պեղումների արդյունքում գյուղից վերև գտնվող ժայռի կատարին հայտնաբերվել է միջնադարյան` 9-13–րդ դարերին թվագրվող ամրոց։

Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

Ամրոցի պահպանված  հիմնապատերը վկայում են դրա փառահեղ արքայական անցյալի մասին։ «Թղիք ամրոց» պայմանական անունը ստացած բերդը վերագրվում է Աշոտ Երկաթ արքային։ Գյուղացիներն այն «Աշոտ Երկաթի բերդ» են կոչում։

«Ծննդյան վկայական» և 1000 տարվա պատմություն ունեցող գյուղը. Թեղենիքի զարգացման ծրագիրը

Մեկ այլ պատմական հուշարձան էլ գյուղից դուրս կառուցված 17-րդ դարի մատուռն է` Ծաղկեվանքը։ Գյուղացիների համոզմամբ` այն բացառիկ ուժ ունեցող կառույց է` հիմնված Տրդատ թագավորի օրոք քրիստոնեություն տարածած կույսերի ձեռամբ։

«Սա մեր ուխտատեղին է։ Գյուղի բնակիչներն այստեղ են նշում Համբարձման տոնը։ Գյուղը նոր ընդարձակ եկեղեցի ունի, բայց գյուղացիներն ավանդույթի ուժով շարունակում են այստեղ նշել իրենց եկեղեցական տոները»,– պատմում է գյուղապետ Մարատ Բաղդասարյանը։

Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

Պատմության շղարշով պատված հայկական գյուղը մայրաքաղաքից ընդամենը 30 կմ է հեռու։ 540 բնակիչ ունեցող գյուղում աշխատատեղեր գրեթե չկան, թեև գյուղապետի համոզմամբ կան զբոսաշրջային զարգացման նախադրյալներ։

Թեղենիքում զարգացման ծրագրի պատկերացում ունեն. գյուղին անհրաժեշտ է Աշոտ Երկաթի բերդին միացնող ճոպանուղի, քանի որ պատմական բերդ տանող լեռնային ճանապարհը գրեթե անանցանելի է ավտոմեքենաների համար։

Ճոպանուղի ունենալու ու տուրիստների այցելության դեպքում մնացած  բոլոր ենթակառուցվածքները` հյուրատներ, սննդի ու առևտրի կետեր, թեղենիքցիները պատրաստ են կառուցել ու զարգացնել ինքնուրույն։

Բայց այս հեռանկարը դեռ միայն բարի ցանկության մակարդակով է։ Իսկ գյուղացիները շարունակում են աշխատանք փնտրել հայրենի գյուղի, երբեմն նույնիսկ հայրենիքի սահմաններից դուրս։