«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպումն անցկացրեցին` քննարկելով ինչպես համատեղ նախագծերը, այնպես էլ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի –Sputnik. Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴպաշտպանության նախարարը հատկանշական է համարել հայ սակրավորների և բժիշկների ավանդը Սիրիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ժամանակ ՌԴ նախարարն առաջարկել է հայ գործընկերոջը տեսակետներ քննարկել ոչ միայն համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն ուղղված նախագծերի շուրջ, այլև Սիրիայում սակրավորների և բժիշկների համատեղ աշխատանքի։

8534 քմ ականազերծված տարածք, 597 բուժօգնություն ստացած մարդ. հայ մասնագետները Սիրիայում

Մասնավորապես, Շոյգուի խոսքով, կարևոր է, որ Սիրիայում հազարավոր մարդիկ բուժօգնություն են ստացել, իսկ հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են անցկացրել։

«Դա հսկայական աշխատանք է, որը չի կարող աննկատ մնալ, այն անկասկած, իր ավանդն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում», – ընդգծեց նախարարը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների ռազմավարությունը թույլ է տալիս ենթադրել, որ դեռ շատ անելիքներ կան։

Դրանից բացի, հանդիպման մասնակիցները քննարկել են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը։ Բարձր գնահատելով մրցումների մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այդ միջոցառումը բանակի և հասարակության փոխգործակցության օրինակ է։ Տոնոյանի կարծիքով` սա տարբեր երկրների միջև ռազմական համագործակցության լավագույն ձևաչափն է։

Շատ հմայիչ էր Հունաստանի աղջիկը. Տոնոյանն ամփոփեց «Խաղաղության մարտիկի» արդյունքները

Նշենք, որ օգոստոսի 17-ին հայկական պատվիրակությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ մեկնել է Ռուսաստան։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից բացի, նախատեսված է նաև Տոնոյանի մասնակցությունը Միջազգային բանակային խաղեր 2019–ի մասնակիցների պարգևատրման արարողությունն ու փակմանը։