Սարսափելի հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

«Տոկիո Սթար» հյուրանոցը համարվում է Օդեսայում ամենաէժաններից մեկը. համարներից մի քանիսն անգամ պատուհան չեն ունեցել: Այն նախկինում եղել է տրամվայի դեպո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի- Sputnik. Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Օդեսայի հյուրանոցներից մեկում, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է dumskaya.net-ը:

Մոսկվայում չվերթեր են հետաձգվել և չեղարկվել

Հրդեհը բռնկվել է «Տոկիո Սթար» հյուրանոցում: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է հյուրանոցի երկրորդ հարկը: Այդ պահին մոտավոր հաշվարկներով հյուրանոցում գտնվել է 200 մարդ, նրանցից 150-ին տարհանել են, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 դի. այս պահին աշխատանքներ են տարվում՝ նրանց անձը պարզելու ուղղությամբ:

Տեղական ժամանակով 3:36-ին հրդեհը մեկուսացվել է, իսկ առավոտյան 5-ին՝ մարվել:

Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է:

Նշվում է, որ «Տոկիո Սթար» հյուրանոցը համարվում է Օդեսայում ամենաէժաններից մեկը: Համարներից մի քանիսն անգամ պատուհան չեն ունեցել: Հյուրանոցի շինությունը նախկինում ծառայել է որպես տրամվայի դեպո:

Որպես հյուրանոցի սեփականատեր նշվում է Վադիմ Չյորնին, ում պատկանում է նաև «Զիրկա» հյուրանոցը: