Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում են

Եզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն է լինելու, իսկ Խաչատրյանի մրցակիցը` վրացի Գեորգի Շոթաձեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանն անցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Արթուր Ավետիսյանը հաղթել է թուրք մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

Հովհաննիսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով հաղթել է շվեյցարացի ըմբիշին։ 1/8-ում նա նույն հաշվով առավելության է հասել հնդիկ ըմբիշի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Սահակի մրցակիցը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր վրացի Դիեգո Չխիկվաձեն էր, որին նա 1։2 հաշվով զիջել էր ԵԱ-ի կիսաեզրափակչում։

Այստեղ հայ ըմբիշը 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չխիկվաձեի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 6։0 հաշվով պարտության մատնեց ռուս ըմբիշին։ Եզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն է լինելու։

Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ևս պայքարը սկսել էր 1/16-ից, որտեղ նա 9։0 հաշվով հաղթել է էստոնացի ըմբիշին։ Այնուհետև Խաչատրյանը 12։6 հաշվի ժամանակ տուշեով հաղթել է թունիսցի Մաաֆիին։ Քառորդ եզրափակչում Շանթը 8։3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Պետիցին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կամային և գեղեցիկ հաղթանակ տարավ թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։ Եզրափակչում Խաչատրյանի մրցակիցը վրացի Գեորգի Շոթաձեն է լինելու։

72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 2։5 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին։ Վերջինս հասավ եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը 1/16-ում 6։3 հաշվով հաղթեց Ֆինլադիայի ներկայացուցչին, այնուհետև 0։8 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին։ Վերջինս պարտվեց կիսաեզրափակչում։ Խաչատրյանը չի շարունակի պայքարը։