ՌԱԴԻՈ

Քալանթարյան. «Նոր օրինագծով բոլոր որդեգրողները պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պարտականությունները կատարող Անահիտ Քալանթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է որդերգրման վերաբերյալ կառավարությունում կայացած խորհրդակցության մասին։
Sputnik
Քալանթարյան. «Նոր օրինագծով բոլոր որդեգրողները պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում»

Ըստ Քալանթարյանի` եղել է ընդհանուր որդեգրման համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ուղղված քննարկում, ինչպես նաև անդրադարձ է եղել առկա բոլոր ռիսկերին՝ տեղական ու միջազգային ։

«Քննարկվել են որդեգրման օրենսդրական կարգավորումների ընթացակարգերին, իրավական և առողջապահական ասպեկտներին վերաբերվող հարցեր»,–ասում է նա։

Երեխաների որդեգրման խնդիրները և ռիսկերը կքննվեն միջգերատեսչական աշխատանքային խմբում

Անահիտ Քալանթարյանը նշում է, որ որոշում է կայացվել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կվերլուծի և համապատասխան աշխատանքային առաջարկություն կներկայացնի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։

«Որդեգրման գործող կարգը ենթարկվել է փոփոխությունների և նոր կարգ է մշակվել, որը հաստատվելու է կառավարության որոշմամբ»,–ասում է մասնագետը։

Քալանթարյանը նշում է, որ օրինագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ այդ գերատեսչության կարծիք ու առաջարկությունները ստանալու նպատակով։

«Նոր օրինագծով բոլոր որդեգրողները պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում, որոնք անհրաժեշտ են որդեգրվող երեխայի խնամքի մասին հստակ գիտելիքներ ձեռք բերելու համար»,-մանրամասնում է Քալանթարյանը։

Ըստ նրա` ցանկալի է, որ քույրերին ու եղբայրներին որդեգրի նույն ընտանիքը, սակայն դա կարգում հստակ տարանջատված չէ։ Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների կողմից Հայաստանի քաղաքացի երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրներն ու գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: