Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

Գյումրին արվեստներով ու արհեստներով է Գյումրի: Ի՞նչ Գյումրի՝ առանց թատրոնի, որ արդեն ավելի քան մեկուկես դար մեր երկրի ամենաքաղաքային քաղաքի մշակութային կյանքի բարոմետրն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Առաջիկա սեպտեմբերին արդեն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր անդավաճան հանդիսատեսներին կընդունի թարմ շունչ ստացած դահլիճով ու նոր խաղացանկով: Նորացված ճեմասրահ՝ խունացած ու հնամաշ ուղեգորգերի փոխարեն, նոր թիկնաթոռներ՝ դժգունած աթոռների փոխարեն: Հատկանշական է, որ նորոգումն իրականացվել է թատրոնի սեփական միջոցներով միայն, ըստ որում՝ խաղաշրջանների արձակուրդային միջակայքում:

8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում

Փոփոխություններից դահլիճում աթոռների քանակը մի փոքր նվազել է, բայց դա անհրաժեշտություն էր: Բանն այն է, որ հանդիսատեսի անվտանգության նկատառումներից ելնելով, դահլիճում աթոռաշարքերի դասավորությունը փոխվել է: Եթե նախկինում 20 աթոռաշարք էր՝ 33 տեղով, ապա հիմա 1-7-րդ կարգը պարտերն է, որից հետո՝ ամֆիթատրոնը:

«Եթե  նախկինում թատրոնն ուներ 648 տեղ, հիմա ունենալու է 615-ը, սակայն դա չի նշանակում, որ դրանից թատրոնը տուժելու է: Հակառակը` այսպես դահլիճն ավելի հարմարավետ է, ինչպես տեսողական, այնպես էլ՝ հանդիսատեսի շարժը կանոնակարգելու առումով, նաև՝ ապահովության տեսանկյունից: Աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են թատրոնի սեփական միջոցներով՝ ոչ մի լրացուցիչ գումար չի ներգրավվել: Ընդհանուր ծախսը կազմել է 5 մլն դրամից ավելի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը:

Մինչ 154 թատերաշրջանի բացումը, որ նախատեսված է Անկախության վերականգնման տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին, թատրոնում վերջին շտկումներն են իրականացվում:

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

Հասկանալի է, իհարկե, որ միայն շենքային կամ դահլիճային տեսքը չէ թարմացվել. նոր թատերաշրջանին ընդառաջ, ինչպես նշում են աճեմյանցիները,  ստեղծագործական գործընթացը ևս վերելքի մեջ է: Մասնավորապես, հանդիսատեսի դատին կներկայացվեն Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչքը» այլաբանությունը, հրավիրված դերասաններ Անի Խաչիկյանի և Սամվել Գրիգորյանի, Արսեն Միքայելյանի, Տիգրան Գաբոյանի մասնակցությամբ:

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

«Թատերաշրջանի բացման օրը անակնկալ  է սպասվում հանդիսատեսին ոչ միայն թատրոնում, այլ թատրոնից դուրս՝ «Թատերական» հրապարակում, սակայն դրա  մասին չենք  խոսի»,-նշեց Նվարդ Ղազարյանը:

Այս թատերաշրջանում կներկայացվի նաև Գաբրիել Գարսիա Մարկեսի  «Երկնագույն շան աչքերը» պիեսը՝ նոր դերակատարներով ու նոր  խորեոգրաֆիկ լուծումներով, հանդես կգա հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը: «Ի դեպ, դերասանուհին առաջին անգամ թատրոնի բեմ կբարձրանա իր ծննդյան օրը՝  սեպտեմբերի 25-ին»:

Ուզում եմ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն. Փաշինյան

Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսների համար նոր ներկայացում կլինի՝ «Բուրատինոյի արկածները»: Արդեն մեկ տարի է, ինչ թատրոնը համագործակցում է Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ: Այս տարի թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հրավերով Գյումրու դրամատիկականում «Գասպար Իփեկյան» թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը նախատեսում է բեմադրել Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթեոս» պիեսը: Հետաքրքրական է, որ բեմադրությունը ծրագրվում է ինչպես արևմտահայերն, այնպես էլ՝ արևելահայերն: Այս պիեսի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերին:

Խաղացանկ կվերադարձվեն նաև «Սիրո քասթինգ», «Փարիզը վտանգավոր  քաղաք է» և մանկական «Երեք խոզուկները» ներկայացումները: Մանուկների համար կբեմադրվեն նաև «Փանոսի արկածները»:

Հավելենք, որ անցած թատերաշրջանում միայն ամանորյա ներկայացումների ժամանակ թատրոնը գերազանցեց 15 հազար հանդիսատեսի ցուցանիշը: Տրամաբանական է, որ այս տարի ակնկալում են ավելի աշխույժ հետաքրքրություն, ավելի շատ հանդիսատես: Գյումրու դրամատիկականը դեռ անցած թատերաշրջանին էր բարձր նշաձող վերցրել, իսկ այս տարի կփորձի գերազանցել այն: