ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում: Նա նշեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա հանդիպումը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր:
«Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:
«Սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա»,- ասաց նա:
Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և այս ոլորտը նույնպես պետք է մարզում զարգանա:
Փաշինյանն ընդգծեց նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, որովհետև այստեղ ևս Կոտայքն ունի մեծ ներուժ: «Գյուղատնտեսություն օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է: Ներդրված գումարից անհրաժեշտ է հնարավորինս շատ արդյունք ստեղծել:
«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի
«Այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նման համաժողովների նպատակին, ապա վարչապետի խոսքով՝ սա շփման լավ հարթակ է, և նմանատիպ միջոցառումներ շարունակաբար անցկացվելու են բոլոր մարզերում:
Նշենք, որ սա թվով 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում: