ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Հոկտեմբերին Երևանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին արդեն իսկ իրենց մասնակցությունն են հաստատել տարբեր երկրների 12 ՏՏ նախարար և 59 բանախոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ ևս կգան «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու՝ որպես հիմնական բանախոսներ։ Նրանց թվում են Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շին, հնդիկ բիզնեսմեն, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin ընկերության հիմնադիր Ման Կաոն:
Ավելի վաղ իր մասնակցությունը հաստատել էր նաև Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Եսայանը նշել է, որ մոտ 4 ամիս է իրենք բանակցություններ են վարում Բարաք Օբամայի գրասենյակի հետ` համաժողովին նրան հրավիրելու համար, սակայն այս փուլում հստակ որևէ բան ասել չի կարող:
Հայաստանում «Ինժեներական շաբաթ» է անցկացվելու. արտերկրից 300 հյուր ենք ունենալու
Այս պահին հայտնի է, որ համաժողովին կմասնակցի նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Եսայանի խոսքով՝ մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է:
«WCIT 2019»-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. Ակնկալիք և վտանգ»: Տարբեր երկրներից հրավիրվել են երաժիշտներ, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Առաջին անգամ նվագախմբի կողմից կկատարվի նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում:
Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։