ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ոստիկանության բաժին են բերման ենթարկել 13 քաղաքացու: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ին, Երկաթուղայինների փողոցի մի հասցեից ոստիկանները բերման են ենթարկել 13 քաղաքացու: Ոստիկանությունն իրականացրել է «Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու ատրճանակ՝ պահունակներով, որից մեկը լիցքավորված է եղել 8, մյուսը` 7 փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև մեկ 7.6 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: