Նիստը չի կայանա. Քոչարյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

Քոչարյանի գործով բողոքի քննության նիստը նախագահող դատավորը` Անդրանիկ Մնացականյանը, պետք է մասնակցի Դատավորների ընդհանուր ժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայանալիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը տեղի չի ունենա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան

«Նիստը նախատեսված էր այսօր` ժամը 15։30, սակայն նիստը նախագահող դատավորը` Անդրանիկ Մնացականյանը պետք է մասնակցի Դատավորների ընդհանուր ժողովին, հետևաբար, այսօր նախատեսված նիստը չի կայանա»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով` նոր նիստի օր դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանի` վերաքննիչ բողոքն իսկզբանե մակագրվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ով, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել։ Այնուհետև գործը մակագրվել էր դատավոր Վազգեն Ռշտունուն, ով նույնպես, դատախազի միջնորդությամբ, ինքնաբացարկ էր հայտնել։