ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս — Sputnik. Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կարծում է, որ հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական կայքի իր էջում։
«Հերոսների մասին վերջին գրառումիցս հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որը տեղի ունեցավ 2018-ի ապրիլի-մայիսին, ինչո՞ւ այն եղավ և ի՞նչ գնահատական տալ։ Կարճ պատասխանս է` հեղափոխությունը օբյեկտիվորեն հասունացել էր, բայց հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը»,–գրել է նա։
Նրա խոսքով` սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Նա կարծում է, որ ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն` միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։
Ըստ Մինասյանի` նոր իշխանությունն ուներ բացառիկ ճանապարհ` չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Նրա խոսքով` ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:
«Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում»,–գրել է նա։
Մինասյանի կարծիքով` պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու, ըստ նրա, մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը, և այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք իմաստազուրկ իշխանափոխություն:
Սակայն, նրա հավաստմամբ, անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ, Մինասյանի խոսքով, պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։
Հայաստանի և Արցախի իշխանությունները կհաղթահարե՞ն «անհամապատասխանությունը». փորձագետներ
«Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան»,–գրել է նա:
Մինասյանն իր գրառումն ամփոփել է հետգրությամբ` հիշեցնելով, որ այսօր իր ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Նա մեջբերել է Հովհաննիսյանի` մի առիթով ասված խոսքը, թե` վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի։ Մինասյանը կարծում է, որ այսօր, առավել քան երբևէ, արդիական է այդ խոսքը։ «Խոնարհումս լույս հիշատակին»,–իր խոսքն է ամփոփել Մինասյանը:
Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակության մեջ
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ-ական հայտնի գործիչ էր, Գերմանիայում Հայաստանի դեսպանը։ Նա մահացավ 2014թ.–ի դեկտեմբերի 28-ին` երկարատև և ծանր հիվանդությունից հետո։