Բագրատաշենում ահաբեկչության մեջ մեղադրվող հնդիկ է բերման ենթարկվել

Բերման ենթարկվածը 30-ամյա Թաքուր Ս.–ն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ իրավապահները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հնդկաստանի քաղաքացու, որը հետախուզվում էր Հնդկաստանի  իրավապահ մարմինների կողմից  ահաբեկչություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հայաստանը պատրաստ է սահմանախախտ տղային Թուրքիա ուղարկել. ԱԳՆ

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածը 30-ամյա Թաքուր Ս.-ն է։ Նա հետախուզվում էր Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար: