Աշոտյանի վարորդն ընդունել է, որ ձևակերպվել է տարբեր հաստիքներում, բայց աշխատանքի չի գնացել

Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակել Արմեն Աշոտյանի վարորդին առաջադրված մեղադրանքից։ Արամ Բարսեղյանն ընդունել է առաջադրված մեղադրանքն ու վերադարձրել գրպանված գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ և օգնական Արամ Բարսեղյանի գործից նոր տվյալներ է հայտնել` արձագանքելով այն հայտարարություններին, թե Աշոտյանի վարորդի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վարկային ձևացող կազմակերպությունները խաբել են մարդկանց. 6 հոգու մեղադրանք է առաջադրվել

Քննչական մարմինը հայտնում է, որ, ըստ գործի նյութերի` 2009-2016թթ-ին Արամ Բարսեղյանը,  զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, նույն տարիներին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» -ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա.Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին ձևակերպվել է որպես վարորդ  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ում:

ՀՔԾ–ն նշում է, որ այդ բոլոր հաստիքներում ձևակերպված լինելու տարիների ընթացքում Արամ Բարսեղյանը որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, և դրա փոխարեն շարունակել է կատարել Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները։

ԲԷՑ-ի գլխավոր ճարտարագետին և տեխնիկական տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Այսպիսով, ընդհանուր առմամբ, ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից նշված ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

ՀՔԾ–ն նաև շեշտւմ է, որ Արամ Բարսեղյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը:

Այս հիմքով վարույթն իրականացնող մարմինը Արամ Բարսեղյանին ազատ է արձակել` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ–ն հայտնում է, որ միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի շրջանակներում օգոստոսի 15-ին ձերբակալվել էր Արմեն Աշոտյանի վարորդ–օգնական Արամ Բարսեղյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու համար։