ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոս — Sputnik. «Քաղաքի օրվա» ամենասպասված միջոցառումը Շիրազի փողոցի բացումն է լինելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` անդրադառնալով Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին
Օգոստոսի 25-ին Գյումրին հերթական անգամ կնշի «Քաղաքի օրը»:
«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում ժամը 11:00- ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն:
Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00 տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: Հաշվի առնելով Նունե Եսայանի անվան շուրջ հնչող մեղադրանքները, թե նա մեկ միլիոն դրամ է պահանջել ելույթ ունենալու համար` քաղաքապետը լրագրողներին ասեց. «Եսայանն ինքն է ցանկություն հայտնել ելույթ ունենալ Գյումրիում, ու այդ մասին ինձ տեղեկացրել է մեր մշակույթի բաժինը: Ի դեպ, այդ ելույթի ողջ հասույթը Նունե Եսայանը նվիրելու է քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցին՝ երաժշտական գործիքներ գնելու համար»:
«Քաղաքի օր» միջոցառմանը խոստացել է ներկա գտնվել նաև ՀՀ վարչապետը: Ի դեպ, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ օրեր առաջ Գյումրին այդպես հրաշալի ներկայացնելու համար: Լրագրողների այն հարցին, թե վարչապետի «գովազդն» ի՞նչ արդյունք է ունեցել, քաղաքապետը վստահեցրեց՝ ավելացել է զբոսաշրջիկների թիվը:
Սամվել Բալասանյանը վստահեցնում է` մայրաքաղաքից միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար լուծված է տեղափոխման խնդիրը: «Պայմանավորվել ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք է գալու՝ ժամը 11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը 23:30, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն տեսնել հրավառությունը, կարողանան անել դա: Այնպես, որ եկե՛ք ու վայելե՛ք»,-նշեց քաղաքապետը:
Ավելացնեք, որ միջոցառումների անցկացման համար հատկացվել է 8 մլն դրամ: