ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Վաղվանից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով Մալյան խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մշտական կանաչ ազդանշանի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները:
Ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխությունը երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով է։