Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գործազուրկների միջին ամսական թվաքանակի նվազման մասին ցուցանիշներին, որոնք իր Facebook-յան էջում հրապարակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ տնտեսագետի` առայժմ պաշտոնապես հրապարակված են աշխատանքի շուկայի միայն առաջին եռամսյակի տվյալները։ Բանավոր խոսքը, Facebook-յան գրառումները հիմք չեն կարող հանդիսանալ։
«Գործազուրկների թիվը 2018թ. առաջին եռամսյակում եղել է 237.600, իսկ 2019թ.-ին` 253.600»,-նշում է Գալոյանը։
Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ տնտեսությունը զարգանում է իներցիայով։
«Սովորաբար, արտահանումներով են չափում տնտեսության որակը։ Այդ ոլորտում մենք համարյա կրկնել ենք այն, ինչը եղել է անցած տարվա առաջին կիսամյակում: Ես փոփոխություններ չեմ նկատում»,–ասում է Գալոյանը։
Խոսելով ներդրումների մասին՝ տնտեսագետը նշում է, որ առաջին 15 խոշոր հարկատուներից 4–ը ծխախոտ արտադրող ընկերություններ են։
«Տնտեսության վերլուծությունը թվերի վերլուծություն է, ոչ թե իդեաների»,–ասում է տնտեսագետը։
Ըստ Արա Գալոյանի, ՀՀ տնտեսությունն ի վիճակի չէ զբաղվածության շուկա մտնող մարդկանց ներգրավել, և եթե տնտեսական ծրագրեր չմշակվեն՝ մեզ սպասում է իներցիոն դանդաղ ընթացք՝ այն, ինչ տեղի էր ունենում վերջին 7 տարում։
«Ես չեմ տեսնում տնտեսական զարգացման ծրագիր, ուղղություններ»,–ասում է տնտեսագետը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում փաստել է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով: 2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Վարչապետը նշել է, որ աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է։