ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է` իրեն լռեցնելու անհեթեթ փորձը տապալվեց իր վարորդ Արամ Բարսեղյանի ազատազրկման գնով։ Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել իր Facebook–յան էջում։
«Ով էլ Արամի հետ ճամփա է ընկել, հաց կիսել, իրեն տան ճանապարհը բացատրել, ջերմ եղել, իսկ այսօր այս խայտառակությունը չտեսնելու է տվել, լռել ու ջայլամի պես գլուխը մտցրել Երեւանի փողոցների գարշահոտ աղբակույտի մեջ, Աստված ձեզ դատավոր։ Կարող եմ վստահ ասել` Արամը այն մարդն է, որ ամեն գնով կպայքարի իմ, ձեր ու բոլորիդ ազատ ապրելու համար՝ նույնիսկ այս գնով»,–գրել է նա։
Նրա խոսքով` անգամ Բաքվում, որտեղ Արամն ինքնակամ իրեն ուղեկցում էր, ամուր էր կանգնած ոտքերի վրա, իսկ իր հայրենիքում հարյուրապատիկ ամուր է լինելու։
Աշոտյանի մեկնաբանմամբ` առաջին իսկ օրվանից՝ հատկապես՝ «ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից» հետո շատերին պարզ է դարձել, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի։
Եթե Արամը չլիներ իր ընկերն ու օգնականը, արդյո՞ք այս գործը ընդհանրապես կծնվեր արդյո՞ք Արամը կձերբակալվեր։ Իհարկե, ոչ, համոզված է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հայտնել է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն արդեն բողոքարկել է Արամ Բարսեղյանի ձերբակալման որոշումը։ Ըստ նրա` այսօր ժամը 18:00-ին դատարանը պետք է որոշի, թե երկրից փախչելու պատրվակով ազատազրկված Արամը մնու՞մ է անազատության մեջ` այն դեպքում, երբ իմանալով հետապնդման սպառնալիքի մասին, ձերբակալությունից մեկ օր առաջ իր տիկնոջ և զավակի հետ վերադարձել է Վրաստանից։
Խնդրին իր Facebook-յան էջում անդրադարձել է նաև Արամ Բարսեղյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։ Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։ Ա.Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ` գործը կվերադառնա իրավական հուն»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Աշոտյանը ևս մեկ գրառում էր արել ու նշել, որ ձերբակալվել է իր վարորդն ու օգնականը` Արամ Բարսեղյանը: Աշոտյանը հայտնել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր դեմ։