ՌԱԴԻՈ

Ղուկասյան. «Այժմ պատրաստում եմ դատախազություն ուղարկվելիք երկրորդ փաթեթը»

Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մարզում սեփականաշնորհման գործընթացում առկա չարաշահումներին ու անօրինականություններին:
Sputnik
Ղուկասյան. «Այժմ պատրաստում եմ դատախազություն ուղարկվելիք երկրորդ փաթեթը»

Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ մարզում կա մի քանի խնդիր՝ կապված այգիների ու շինությունների հետ: Օրինակ՝ մարզպետարանի հետևի մասում գտնվող այգին երկու կողմից սեփականաշնորհված է: Այգու մի մասը որոշ չափով բարեկարգված է, և երբ ցանկանում էին ավարտին հասցնել բարեկարգման աշխատանքները, պարզվեց, որ այգին ունի սեփականատերեր. մեկը նախկին մարզպետի տեղակալն էր, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդին:

«Պահանջեցինք սեփականաշնորհման հիմքերը, և պարզվեց, որ սեփականաշնորհումն իրականացվել է անօրինական կերպով, առանց ավագանու որոշման: Կոնկրետ այդ այգու հետ կապված հարուցվել է քրեական գործ»,- տեղեկացնում  է Անդրեյ Ղուկասյանը:

Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

Մարզպետի փոխանցմամբ՝ իրենք ունեն նաև մանկապարտեզի ու վարժարանի շենք, ամառային ճամբար, որը ձեռք է բերվել շատ էժան գնով և հիմա քանդված վիճակում է: Խնդրահարույց է նաև մշակույթի տան հարցը: Կան նման վիճահարույց շատ տարածքներ ու շինություններ: Այժմ պարոն Ղուկասյանը պատրաստում է դատախազություն ուղարկվելիք երկրորդ փաթեթը: Կոնկրետ վերը նշված այգու երկու սեփականատեր անձանց հետ կապ է հաստատել ու առաջարկել վերադարձնել տարածքը համայնքին, բայց նրանք չեն համաձայնվել:

«Հետևաբար, մենք էլ որոշեցինք հարցը լուծել իրավական ճանապարհով: Սեփականաշնորհման ոլորտում չարաշահումներ եղել են ոչ միայն Վանաձորում: Նախկին պաշտոնատար անձինք, ցավոք, դիմել են ապօրինությունների, սեփականաշնորհել են տարածքներ ու շենքեր, բայց չեն օգտագործել, այլ նպատակ են ունեցել ավելի թանկ գնով հետագայում վերավաճառել: Ես հետևողականորեն զբաղվելու եմ բոլոր դեպքերով, թեև դա շատ ժամանակ կպահանջի: Ձգտելու ենք օրինական ճանապարհով հետ բերել կորցրածը»,- նշում  է Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետի պնդմամբ՝ շատ գործարքներ իրականացվել են նախկին քաղաքապետի որոշմամբ, հետևաբար, հողերն օտարվել են անօրինական որոշումներով, և քրեական գործը հարուցվել է հենց այդ փաստի առթիվ: Օրինակ 850 քառակուսի մետր այգին օտարվել է 300 հազար դրամով, երկհարկանի մանկապարտեզի շենքը օտարվել է 61 000 դրամով, և դա այն դեպքում, երբ Վանաձորում սուր է մանկապարտեզների հարցը: