Աշոտյանի վարորդն ընդունել է մեղքն ու ազատ է արձակվել

Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանը փոխհատուցել է իրեն վերագրվող վնասի չափն ու ազատ արձակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանն ազատ է արձակվել։

Այս մասին քիչ առաջ հայտնել է Արմեն Աշոտյանը Facebook-յան գրառման մեջ։

«Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյո՞ք այս գործն ընդհանրապես կծնվեր». Աշոտյան

«ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ»,– հայտնում է նա:

Ու թեև Աշոտյանը տեղեկացնում է, որ վարորդն ընդունել է իր մեղքը, բայց և վերահաստատում է, որ նրա ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում։

Իսկ վարորդին բաց թողնելու որոշումը Աշոտյանը մեկնաբանում է նրանով, որ իրեն լռեցնել չի հաջողվել:

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ ձերբակալվել է իր վարորդն ու օգնականը` Արամ Բարսեղյանը: Նրան մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ, այն բանի համար, որ նա գրանցվել է որպես աշխատող, բայց առանց աշխատանքի հաճախելու աշխատավարձ է ստացել։