«Սեքյուրիթի Դրիմի» գործով ևս երկու անձ է ձերբակալվել. նոր մանրամասներ են «ջրի երես» եկել

Պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ 210 մլն–ից ավել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

«Տվյալներ են ձեռք բերվել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի, ինչպես նաև «Էլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունների հաշվապահների կողմից խարդախությանը և փաստաթղթերի կեղծմանն առերևույթ առնչություն ունենալու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը:

Հարուցված քրգործով նախաքննության ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունը նույնպես հիմնադրվել և փաստացի ղեկավարվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիրների կողմից:

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս». ինչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Մինչ այդ, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։