ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 1-ը մոտենում է, իսկ դասագրքերը դեռ պատրաստ չեն։ Հայոց նորագույն պատմության դասագրքի բովանդակության հարցում մասնագետները չեն կարողանում ընդհանուր եզրակացության գալ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով տարբեր բաներ են գրում այդ նյութերում», - ասաց նա` հստակեցնելով, որ տարակարծությունները հիմնականում 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների, նույն թվականին անցկացված նախագահական ընտրությունների ու դրանց վերաբերյալ քաղաքական գնահատականների շուրջ են։
«Կա այդպիսի խնդիր, և ես թույլ չեմ տվել առայժմ պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»,– հայտնեց նախարարը։
Հայոց ցեղասպանության պատմության դասագիրք` Մոնտեվիդեոյի համալսարանում
Արայիկ Հարությունյանը չցանկացավ բացել փակագծերն ու նշել, թե կոնկրետ ինչ ձևակերպումների շուրջ են մասնագետների հակասությունները, բայց և հայտարարեց` քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար:
Սատկած խոզուկը և լկտի ծիտը. ինչ են ուզում սովորեցնել հայկական դասագրքերի հեղինակները
Այդուհանդերձ, նախարարը վստահեցրեց` դասագրքերի շուրջ ստեղծված իրավիճակը դասապրոցեսի վրա չի ազդի։ 38 անուն դասագրքեր արդեն տպագրված են, խնդիրն առաջ է եկել միայն նորագույն պատմության 2 2 դասագրքի դեպքում։