ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում այլ կերպ ես շնչում և քնում, իսկ Արցախն ուղղակի պատմական հայրենիքի ֆանտաստիկ անկյուններից է։ Այս արտահայտությունը կարելի է լսել 7–րդ Համահայկական խաղերի գրեթե բոլոր մասնակիցներից։ Նրանք առաջին անգամ են Հայաստանում, ոմանք էլ ծնվել են այստեղ և երկար տարիներ հայրենիքից հեռու են ապրում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ
Ազգությամբ վրացի Դավիթ Կալատոզիշվիլին, որը եկել է մասնակցելու միջոցառմանը, «Հայդուկ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն է։ Խաղերին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել։ Դավիթին չի վախեցրել նույնիսկ այն փաստը, որ միջոցառման բացումը տեղի է ունենալու Արցախում։
«Բացումն Արցախում էր, ուստի մենք պետք է մասնակցեինք», –պատասխանեց Դավիթը և ավելացրեց` չի վախենում, որ հարևան Ադրբեջան այցելելիս խնդիրներ կունենա ։
Ըստ նրա` հարևան երկիր մուտք գործելու համար դա չի կարող արգելք լինել։ Դավիթն առաջին անգամ է Հայաստանում և իրեն զգում է ինչպես տանը։ Ասում է` վրացիների ու հայերի կոլորիտը նման է, ուստի մեր երկրում առանձնահատուկ տարբերություններ չի նկատել։
«Մենք գեղեցիկ վայրերում ենք եղել` Գառնիում, Ղարաբաղում։ Այդ ամենը տպավորիչ է, հոգեցունց։ Դա շատ է մոտիվացնում երեխաներին»,– ասաց Կալատոզիշվիլին։
Հայաստան ժամանած 18 ֆուտբոլիստների շարքում է նաև «Հայդուկ» թիմի ավագ Արմեն Վարդանյանը։
Արմենը ծնվել է Աշտարակում, սակայն նրա ծնունդից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Օսեթիա. մայրն ազգությամբ օսեթուհի է։ 13 տարեկան էր, երբ նրան հրավիրել էին ֆուտբոլ խաղալու Մոսկվայում։ Սակայն, հանգամանքների բերումով, ստիպված էր եղել թողնել պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Այսօր աշխատում է Մոսկվայում` որպես ֆիթնես մարզիչ։
«Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, այստեղ վերադառնալն անհավանական զգացողություն է։ Հատկապես տպավորիչ էր արցախյան այցը, հայկական լեռներն ու հողերը տեսնելը, որոնք պաշտպանել են մեր եղբայրները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդանյանը։
Նա կարծում է, որ խաղերի կազմակերպումը հնարավորություն է տալիս համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին։ Այն հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելում հայրենիք։
«Հայդուկ» ֆուտբոլային թիմի կազմակերպիչ Արսեն Նիկողոսյանը ծնվել է Երևանում, սակայն մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Կարծում է` յուրաքանչյուր հայի պարտքն է Հայաստան վերադառնալը, չի բացառում, որ մոտ ապագայում ինքն էլ կտեղափոխվի։
«Երբ դու վարժվում ես մեգապոլիսի կյանքի ռիթմին, իհարկե բարդ է։ Սակայն, երբ մտածում ես ընտանիքի, ապագայի մասին, միանգամից Երևանն է աչքիդ առաջ գալիս, այստեղ ավելի շատ դրական արժեքներ կան, քան Մոսկվայում», – խոստովանեց Նիկողոսյանը։
Ֆուտբոլով է տարված նաև մասնագիտությամբ ուռուցքաբան Գեորգի Սահակյանը։ Նրա նախնիները Հայոց ցեղասպանության տարիներին Կարսից տեղափոխվել են Թբիլիսի, որտեղ էլ ծնվել է Գեորգին։ Գևորգն էլ երեք տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Նրա խոսքով` Հայաստանը գրավում է իր մոգականությամբ։
Դոնի Ռոստովի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի խաղացող, 22–ամյա Էրիկ Գևորգյանը ևս առաջին անգամ է Հայաստանում։ Նա հասցնում է բանկում աշխատել և պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ։ Առաջին տպավորություններն այնքան բուռն են, որ որոշել է ամեն տարի այստեղ հանգստանալ։
Ի տարբերություն Էրիկի` «Ուրարտուի» 31–ամյա խաղացող Արթուր Պողոսյանն ամեն տարի օգոստոսին այցելում է հայրենի Արմավիր քաղաք, քանի որ այստեղ է ամփոփված մորը աճյունը. նրա ծնողներն Արմավիրից են։
«Երբ գնում եմ Արմավիր, շնչում եմ այնտեղի օդը, աննկարագրելի դրական լիցքեր եմ ստանում։ Նայում եմ Արարատին, և սիրտս թեթևանում է։ Ամբողջ հոգով մոտ եմ Հայաստանին, այն ձգում է ինձ», – ասաց Պողոսյանը։
Չնայած այդ ամենին, դեռևս վերջնական որոշում չունի, եթե Հայաստան վերադառնա կկարողանա մշտապես այստեղ հաստատվել։
«Ուրարտու» թիմի հիմնադիր, 32–ամյա Տիգրան Պապիկյանը մինչև 10 տարեկան դառնալը ապրել Երևանում։ Այնուհետև տեղափոխվել է Ռոստով, որտեղ զբաղվում է սփյուռքահայերի ինքնության պահպանմամբ։ Տիգրանը դա իր առաքելությունն է համարում։
Պապիկյանն ընկերների հետ թիմը հիմնել է 2008թ–-ին, որի հիման վրա ֆուտբոլային դպրոց է բացվել։ Դպրոցում ընդունում են 4 տարեկան և բարձր երեխաներին։
«Տղաս չորս տարեկան է, նա նույնպես հաճախում է այդ դպրոց։ Այնպես է ստացվել, որ դպրոց են հաճախել գրեթե բոլոր հայ երեխաները։ Դա մեզ թույլ է տալիս ամբողջ ուժով պահպանել հայկական կենցաղը, մշակույթը, լեզուն։ Ուստի ինձ համար դա ավելի շատ սոցիալական նախագիծ է, քան կոմերցիոն», – ասաց Պապիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Պապիկյանն ամենաշատը տպավորված է Ստեփանակերտով։ Ասում է` Ռոստովում զգացվում է Հայաստանի բնության, օդի, լեռների ու ժողովրդի պակասը։ Չէ՞ որ պատմական հայրենիքում այլ կերպ է շնչում, այլ կերպ ուտում, նա այստեղ տանն է։