ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանին խոստանում է ցուցադրել օպերատիվ-ռազմավարական առավելությունները

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է ադրբեջանական քարոզչությանը` խոստանալով ապատեղեկատվությանը պատասխանել օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում։

Այս մասին Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում

«Հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը»,– գրում է Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ, եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն գործելաոճով, ապա «նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ»:

Նշենք, որ մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտարարել էին Ղազախի շրջանում մարտական դիրքերն առաջ տալու մասին, որին, ի պատասխան, հայկական կողմ, իբր, լքել էր դիրքերն ու դիմել փախուստի։