Դժվար է ասել` դրա նախադեպը եղե՞լ է, չնայած, ֆուտբոլի պատմության մեջ ու աշխարհի տարբեր անկյուններում ինչ ասես, որ չի եղել, բայց Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Մասիս» և «Դիլիջան» թիմերին, երկուսին էլ նույն հանդիպման համար տեխնիկական պարտություն է գրանցվել, միևնույն՝ 0:3 հաշվով: Ճիշտ է, առանձին որոշումներով, բայց ամեն դեպքում ծիծաղելի է: Ստացվում է, որ միմյանց հետ չմրցեցին «Մասիսն» ու «Դիլիջանը», բայց երկուսն էլ պարտվեցին 0-3 «տեխնիկական հաշվով»:
Չէ, առհասարակ, Հայաստանը «ֆուտբոլային բում» է ապրում, նկատի ունենալով, որ նորաստեղծ ֆուտբոլային ակումբները շատացել են, ինչպես սնկերն անձրևից հետո: Հատկապես Առաջին խմբի մրցաշարին մեծ թվով նոր ակումբներ են մասնակցում:
Ու օգոստոսի 6-ին էլ ֆուտբոլի հայրենական առաջնության Առաջին խմբի մրցաշարում առաջին տուրի հանդիպումներն էին:
Դրանցից մեկը պիտի լիներ «Մասիս»-Դիլիջան» խաղը: Այն չի կայացել: Դրա ու տարբեր այլ հանդիպումների և ակումբների հետ կապված ուրիշ խախտումների ու երևույթների վերաբերյալ է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի օգոստոսի 9-ի նիստի արձանագրությունը :
Զգացմունքային և հուզական բաղադրիչներից զերծ պաշտոնական արձանագրությունն անկիրք ներկայացնում է, որ, օրինակ, հիշյալ հանդիպումը չի կայացել՝ «թիմերի անպատրաստ լինելու պատճառով»: Իսկ ավելի կոնկրե՞տ: Երկուսի դեպքում էլ նշվում է. «հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու» պատճառով:
Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով
Փորձենք նույնքան անկիրք հասկանալ եղելությունը: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ ակումբներ են ձևավորել, որոշակի ծախսեր են արել, թիմ են կազմել, երևի հանդերձանք էլ են գնել և այլն: Բայց, արի ու տես, որ մրցաշարի հենց առաջին տուրի խաղին անպատրաստ են եղել, այն էլ… հայտավորված ֆուտբոլիստների կազմ չեն ունեցել: Դրա հաջորդ օրն արդեն (ըստ արձանագրության), «Սևան-«Վեստ Արմենիա» խաղը չի կայացել, քանի որ «Սևան» թիմը չի ունեցել հայտավորված պաշտոնյա: Էլի՝ պատժամիջոցներ, լավ է` դեռ այս դեպքում թիմերից միայն մեկին է տեխնիկական պարտություն գրանցվել, այլ ոչ թե միանգամից երկուսին, ինչպես նախորդ դեպքում: Հասկանալի է՝ տուգանքներ էլ են սահմանվել:
Բայց իզուր չէ ասվում, թե որքան անտառի թավուտն ես մտնում, այնքան ավելի «կերած-խմած» պարտիզաններ են հանդիպում: Նշեցինք չէ՞, որ առաջնությունը`կոնկրետ Առաջին խմբի մրցաշարը, նոր-նոր է մեկնարկել: Եվ ահա, այդ առաջնությանը մասնակցելու հայտավորված «Մակարավանք», նաև «Երևան-2» և «Գանձասար-Կապան-2» թիմերը հանվում են Առաջին խմբի առաջնությունից, փաստորեն, իրենց նախաձեռնությամբ:
Դե, մարդիկ երևի մի 20 օր առաջ մտածում էին, որ կմասնակցեն, բայց մի երկու շաբաթ անց արդեն այլ կարծիքի են, ինչի համար խոշոր տուգանքներ պիտի վճարեն, ի դեպ:
Իսկ եթե՝ լուրջ, ապա սա անլրջության տպավորություն է թողնում: Դա ինչ վերաբերմունք է, առհասարակ, միայն ֆուտբոլի հետ չկապված: Ստացվում է` մարդիկ ակումբ են ձևավորել ու միայն վերջին պահին հասկացել, որ չի ստացվում: Ու, ելույթները դեռ մի կարգին չսկսած, դադարեցնում են: Լրիվ կիկոսիմահիզմ:
Թեպետ ճտերն աշնանն են հաշվում, պետք է սպասել գարնանը, տեսնելու համար, թե այդպես բուռն ու ոգևորված բազմացած թիմերից քանի՞սը կձգեն մինչև մրցաշրջանի ավարտ:
Հ.Գ. Անդրադարձն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձան Առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպումների արդյունքները: Վերը հիշատակված «Մասիսի» ու «Դիլիջանի»՝ խոշոր, ոչ ֆուտբոլային հաշվով պարտությունները՝ 0:9 և 1:5 հուշում են, որ թիմերը այնուամենայնիվ, լավ չէին պատրաստվել: Բայց ուշադրություն գրավեց այլ բան. Առաջին խմբի երկրորդ տուրի «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպումը՝ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, անավարտ է մնացել: Ավարտին մոտ, ֆուտբոլի փոխարեն, դաշտում տուրուդմփոց է ծավալվել: Իհարկե, ֆուտբոլային պաշտոնյաները, նույն ՀՖՖ-ի կարգապահական և էթիկայի հանձնաժողովը, գուցե նաև իրավապահ ու քննչական մարմինները դեռ կանդրադառնան այդ եղելությանը:
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում
Հասկանալի է նաև, որ միջադեպեր, այդ թվում՝ խիստ անցանկալի, լինում են ցանկացած երկրում, ցանկացած ֆուտբոլային առաջնությունում: Բայց խնդիրն այն է, որ հանրագումարում նման դեպքերի առատությունը, կոնկրետ մեր ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում, անլուրջ ու տհաճ, կիսատության ու անպատրաստվածության տպավորություն է թողնում: Ստացվում է, որ ոգևորվեցինք ու ոգևորված՝ բազմաթիվ թիմեր ձևավորվեցին, մինչդեռ տարրական, ըստ որում՝ կազմակերպչական ու կարգապահական առումով հանգամանքներին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել: Թերևս կարիք կա, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը սաստի ակումբների ղեկավարներին ու պատասխանատուներին: Թե չէ, քիչ է մնում հանրահայտ Օզերովի թևավոր ֆրազի նմանությամբ ասենք՝ «Նե՜տ, տակոյ ֆուտբոլ նամ նէ նուժեն»: