Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

Միջնորդություն է ներկայացվել դատարան «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատիրոջ, հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Սեքյուրիթի Դրիմի» գլխավոր հաշվապահը ձերբակալվել է նույն գործի շրջանակում հարուցված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախության և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»,–ասաց նա։

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս». ինչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ

Նրա խոսքով` քրեական գործի շրջանակում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Մինչ այդ, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

Նշենք, որ առաջին խուզարկությունները «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերություններում ու դրանց տնօրենների և հաշվապահների բնակարաններում տեղի էին ունեցել դեռ 1 տարի առաջ։

«Սեքյուրիթի դրիմը» խոշոր չափերի յուրացում է կատարել. ղեկավարը ցուցմունք է տվել

2018թ.–ի հունիսի 21-ին իրականացրած խուզարկությունների արդյունքում պարզվել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի հետևանքով ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:

Տարիներ շարունակ մամուլում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերությունները կապ ունեն Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Ընկերության տնօրենը հերքում է այդ լուրը։