«Սանիթեքն» արձագանքել է ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի քննարկմանը

Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ միայն մեկի ներկայությունը։ «Սանիթեք» ընկերությանը զայրացրել է վարչապետի ու քաղաքապետի միակողմանի քննարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Այսօր տարածած հայտարարության մեջ նշել  է «Սանիթեք» ընկերությունը` հավելելով. «Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին»: 

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

Ընկերությունը, նաև հայտնում է, որ հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու երկու կողմերին։ «Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է»,–նշված է «Սանիթեք»–ի հայտարարության մեջ։ 

«Սանիթեք»-ը նաև հայտնում է, որ առաջիկայում մեկ անգամ ևս հանդես է գալու պարզաբանմամբ` կետ առ կետ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և այն հառարձակել  Facebook-յան ուղիղ եթերում։

Ավելի քան 1 ժամ տևած քննարկմանը քաղաքապետն ու վարչապետը կետ առ կետ անդրադարձել էին «Սանիթեք»-ի գործունեությանը։