«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս». ինչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ

Հարցադրումները, թե ուր են գնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար դուրս գրված տուգանքները, հայ հասարակության շրջանում արդեն քանի տարի է՝ հնչում են։ Հեղափոխությունից հետո դրանք իրավական հարթություն տեղափոխվեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Արդեն երկու տարի է՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունները, որոնք զբաղվում են տեսախցիկների, արագաչափերի տեղադրմամբ և դրանց սպասարկմամբ, տարատեսակ սկանդալների կիզակետում են հայտնվում։ Sputnik Արմենիան ներկայացնում է ժամանակ առ ժամանակ «ի հայտ եկող» պատմության նախապատմությունը։

Օգոստոսի 13-ին «Սեքյուրիթի Դրիմ»  ընկերության հիմնադիր և ղեկավար Ալեքսան Զաքարյանն ու «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ  Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են խարդախության և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Sputnik  Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունների ղեկավարն ու հաշվապահը

Դեռ մարտին ՔԿ–ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրները յուրացրել են 43 մլն դրամ։ Համապատասխան ցուցմունք է տվել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը։ Նա հայտնել էր, որ 70 մլն դրամից, որոնք ամեն ամիս հատկացնում էր Ճանապարհային ոստիկանությունը ծախսերի համար, փաստորեն ծախսվել է 27 միլիոնը: Մյուս 43 միլիոնը յուրացվել է։

Ինչպե՞ս է «Սեքյուրիթի Դրիմը» կապված ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ։

«Սեքյուրիթի դրիմը» խոշոր չափերի յուրացում է կատարել. ղեկավարը ցուցմունք է տվել

Բանն այն է, որ  2011, 2013 և 2017 թվականներին Ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջև պայմանագրեր են կնքվել երթևեկությունը վերահսկող համակարգերի գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Ընկերությունը ստեղծել է ճանապարհներին արագությունը վերահսկող համակարգ, որի գործարկման արդյունքում պետության կողմից գանձվող գումարները Ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջև բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ` 30%/70%՝ 2011 թվականին, 50%/50%՝ 2013 թվականին, 10%/90%՝  2017 թվականին։

Բացի այդ, 2017 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Ճանապարհային ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմին» էր վերադարձնում գանձվող գումարների 10%–ը՝ մատուցած ծառայությունների դիմաց։

Խուզարկություններ են կատարվում «Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիպսի» գրասենյակներում

Սակայն  նախնական ստուգումներից հետո իրավապահները հայտարարել են, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունների ղեկավարությունը ավելի քան 1 մլրդ դրամ է յուրացրել։ Նշենք, որ երկու ընկերությունն էլ գրանցված են նույն հասցեի տակ, իսկ ղեկավար կազմում նույն մարդիկ են։

Ինչպես պարզվեց, ստեղծված համակարգերի սպասարկման համար ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Էլիպս» ՓԲԸ–ի հետ։ 2017 թվականի փետրվարից մինչև հունիս՝ ընկերությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագրեր ու պատվերի կատարման ակտեր են կազմվել, սակայն իրականում ոչինչ չի արվել. բոլոր փաստաթղթերը կեղծ են եղել։ Աշխատանքների կատարման կեղծ ակտերն ուղարկվում էին Ճանապարհային ոստիկանություն, որը վճարում էր դրանց համար։ Նոր խուզարկություններ սկսվեցին:

Մամուլում երկար տարիներ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կապված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հետ։

Պատմությունը դեռ չի ավարտվել։