Ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունների ղեկավարն ու հաշվապահը

1 տարի առաջ հարուցված քրեական գործում նոր զարգացումներ են գրանցվել։ Նախկին իշխանության հետ կապվող ընկերությունների ղեկավարները ձերբակալված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և«Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Խուզարկություններ են կատարվում «Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիպսի» գրասենյակներում

«Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը և «Էլիպս» ընկերության հաշվապահը»,- նշեց Հարությունյանը` հավելելով, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք` մինչ այդ, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

Նշենք, որ առաջին խուզարկությունները «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում ու դրանց տնօրենների և հաշվապահների բնակարաններում տեղի էին ունեցել դեռ 1 տարի առաջ։

«Սեքյուրիթի Դրիմը» և «Էլիփսը» պետությունից հափշտակել են 1 միլիարդ 15 միլիոնից ավելի գումար

2018թ.–ի հունիսի 21-ին իրականացրած խուզարկությունների արդյունքում պարզվել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի հետևանքով ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:

Տարիներ շարունակ մամուլում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները կապ ունեն Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Ընկերության տնօրենը հերքում է այդ լուրը։