ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ 10 քաղաքացիներին, որոնց Եգիպտոսի հյուրանոցից հանել էին, տեղավորել ենք ավելի լավ հյուրանոցում։ Նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Info Travel ընկերության տնօրեն Նոյեմ Շահինյանը։
Ավելի վաղ Շարմ էլ Շեյխում հանգստացող 10 ՀՀ քաղաքացի մնացել էին Եգիպտոսի փողոցներում։ Նրանք դրա համար մեղադրել են հանգստի կազմակերպմամբ զբաղվող Info Travel զբոսաշրջային ընկերությանը։
Երեք ընտանիք Info Travel զբոսաշրջային ընկերությունից 11 օրվա տուրփաթեթներ է ձեռք բերել` 1850 դոլար, 2850 դոլար և 1650 դոլար արժողությամբ։
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան
«Խնդիրն առաջացել է հյուրանոցի, այլ ոչ թե տուրօպերատորի հետ։ Զբոսաշրջիկներն այժմ այլ, ավելի լավ հյուրանոցում են», – ասաց Շահինյանը։
Info Travel ընկերության տնօրենի խոսքով` նրանք հանգստից կվերադառնան նախատեսված գրաֆիկի համաձայն։
Տուրիստական ընկերության ընտրության հարցն ավելի քան արդիական է դարձել A&R Tour տուրօպերատորի հետ պատահած միջադեպից հետո։ Հայաստանցի զբոսաշրջիկները հուլիսի 24–ին չէին կարողացել Եգիպտոսից հայրենիք վերադառնալ տուրօպերատորի հետ առաջացած խնդիրների պատճառով։ Դեպի Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա) տոմսեր են վաճառվել, իսկ ավելի ուշ այդ ուղղություններով չվերթերը չեղարկել են, քանի որ ընկերությունը փոխադրողին չարթերի դիմաց գումարը չի փոխանցել։ Կառավարությունը միջամտել էր, երեք չարթերային չվերթ էր իրականացվել։
Հուրգադայի չեղարկված չվերթերի հետքերով. կառավարությունը որոշ չարաշահումներ է գտել