ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և նրա ՌԴ պաշտոնակցի` Նիկոլայ Պատրուշևի հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից, պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։
Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանն ու Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի գերեզմանին:
Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը