Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագրին վերաբերվող խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ադրբեջանական տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինը Հայաստանի ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

Թաթոյանը Facebook-ի իր էջում հավաստիացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը: Հետագայում հաստատվեց, որ նա իսկապես հայտնվել է ադրբեջանական կողմում: