Արցախի ՊՆ–ն հորդորում է չհավատալ սահմանն անցած զինվորի մասին ադրբեջանական կողմի լուրերին

Արցախի ՊՆ–ն հավաստիացնում է, որ սահմանն անցած զինծառայողի դեպքի առթիվ տարվող քննության արդյունքները շուտով հանրությանը հայտնի կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին` երեկ սահմանն անցած շարքային Արայիկ Ղազարյանի վերաբերյալ։ Այս մասին հայտարարությւոն է տարածել Արցախի ՊՆ–ն։

«Ինքն ուղղակի մոլորվել է». Տոնոյանը` Ադրբեջանի տարածք անցած զինվորի մասին

Երեկ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

«Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է։ Հորդորում ենք սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»,–նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն։

Հիշեցնենք` ադրբեջանական կայքերը համացանցում տարածում են դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: