Ովքեր են Ադրբեջանում պահվող հայերն ու հայկական կողմում պատիժ կրող ադրբեջանցիները

Ներկա պահին Ադրբեջանի տարածքում տարբեր կարգավիճակներով պահվող ՀՀ երեք քաղաքացի կա։ Հայկական կողմում պահվող ադրբեջանցիները երկուսն են, ովքեր մեղադրվում են սպանությունների ու լրտեսության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և այսօր սահմանն անցած Արայիկ Ղազարյանը։

Առաջին երկուսը պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես լրտես ու հանցագործ, Արայիկ Ղազարյանը` որպես դասալիք:

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

Արսեն Բաղդասարյանը ձերբակալվել է 2014 թվականին, ավելի ուշ դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք` սկզբում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր 2Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։
Սակայն հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը և նշել, որ Արսեն Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը 2018թ.–ի հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Բաբայան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահվող հայ գերիների մասին տեղեկությունները»

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ովքեր  ձերբակալվել են 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Արցախյան պատերազմում անհետ կորածների հետքերը հնարավոր կլինի գտնել. Հայաստանը նոր սարք ունի

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:

Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։