Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի հայերին հրավիրում է հանդիպման

ՀՀ վարչապետը մեկնում է Սփյուռքի մայրաքաղաք։ Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է մեկնել ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաք։

«Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով»,– հայտնել է վարչապետը։

Մարտի 1-ի զոհերի հուշարձան կկառուցվի. Փաշինյանն ընդունել է զոհերի հարազատներին

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ այդ այցը նախատեսված էր իրականացնել դեռևս 1 տարի առաջ։

«Անցյալ տարի, ցավոք, երբ ԱՄՆ–ում էի, ժամանակի սղության պատճառով չկարողացա լինել Լոս Անջելեսում։ Եվ, ահա այս տարի սպասված հանդիպումն ի վերջո տեղի կունենա»,– ուղիղ եթերում ասել է Փաշինյանը` հավելելով, որ հույս ունի այդ օրը ջերմ, հզոր հավաք անցկացնել։

Վարչապետը հիշեցրել է, որ Լոս Անջելեսն իրավամբ համարվում է Սփյուռքի հայության մայրաքաղաք ու շեշտել, որ այն հանդիսացել է «թավշյա հեղափոխության» աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկը։