«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

Ապրիլյան քառօրյայի զոհերից Սաշա Գալստյանի հայրն ասում է, որ բանակին տվել է 1 տղա, «վերցրել» 106–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապրիլյան քառօրյայի զոհերից Սաշա Գալստյանի տան առջև` Մեծամորում, այսօր բացվեց Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ Հուշակոթողի բացման օրը պատահական չի ընտրվել. Սաշան այսօր կդառնար 23 տարեկան։

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

Հերոսի հայրը` Վաչագան Գալստյանը նշեց, որ հուշարձանը, ճիշտ է, իրենց տան առջևում է, սակայն այն Ապրիլյան քառօրյայի բոլոր զոհերի հիշատակն է հավերժացնում։

«Սաշայի ֆիզիկապես կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են։ Սաշան մենակ չի արել իր գործը, և ես չէի կարող անել մի բան, որտեղ իր եղբայրների անունները չլինեին։ Միակ բանը, որ պետք է անեմ եզակիորեն իր համար` իր շիրմաքարն է։ Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է, ու նույն ձևով` մնացած տղաներն իմն են»,–ասաց նա։

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

Վաչագան Գալստյանի խոսքով` ինքը մեկ տղա է տվել Զինված ուժերին, վերցրել` 106 տղա։ Հենց միասնությունն էլ, ըստ նրա, մեր ազգի հիմքն է: Պետք է մտածենք ընդհանուրի շահի մասին։ Սաշայի հայրն ասում է, որ իր տղան էլ է այդպես վարվել` արհամարհել է սեփական անձի շահն ու ընտրել  ընկերների մեջքը պահելու տարբերակը։

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Հուշարձանի բացմանը մասնակցում էին նաև Ապրիլյան քառօրյային զոհված մյուս տղաների ծնողները։ Նրանցից «Կապանցի Նորոյի»` Նորայր Գալստյանի մայրը` Նունե Աթաջանյանը, նշեց, որ շնորհակալ է Սաշա Գալստյանի ընտանիքին, որ հուշարձանի միջոցով Սաշայի գլխավորությամբ հավերժացնում են 106 տղաների հիշատակը։

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

Տիկին Նունեն նշեց, որ չնայած այսօր շատ հուզված է, բայց նաև հպարտ է, որ ապրեցնում են մեր զինվորներին։

Սաշայի մայրը` Սոֆի Գալստյանը, նշեց, որ տղան իր ծնունդը տոնել շատ էր սիրում ու միշտ խնջույք էր կազմակերպում։ Տիկին Սոֆին նշում է, որ տղայի զոհվելուց հետո երկու տարի ողբով է նշել Սաշայի ծննդյան օրը, սակայն այս տարի այլ կերպ է ամեն ինչ։

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց

«Ես օրերս եմ Արցախից վերադարձել ու հպարտ եմ վերադարձել, քանի որ այնտեղ փողոցով քայլում էինք ու մեզ տեսնում–ասում էին` վայ, մեր զոհված տղաների ծնողը։ Ես Սաշին խոսք եմ տալիս, որ այսուհետ իր ծնունդներն ուրախ եմ դիմավորելու, քանի որ նա կա, նրանք Արցախում թևածում են»,–ասաց նա։

Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը

Ի դեպ, հուշարձանի քանդակագործը Արթուր Բաղդասարյանն է։ Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։